Ընկերներս մշտապես տեղեկություններ են ցանկանում ստանալ ինձնից։ Որպեսզի նույն բանը անընդհատ չգրեմ, ավելի հարմար կլինի պարզապես տալ իմ բլոգի հասցեն. adventist7.blogspot.com
Այսպիսով, ես հիմա գտնվում եմ Տուլայի մարզի Զաոկսկի ավանում, որտեղ գտնվում է մեր Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու համալսարանը, որը ունի հոգևոր ճեմարան և հումանիտար ինստիտուտ։
Այստեղ են անցկացվում ԱՄՆ Էնդրյուսի համալսարանի դոկտորական բաժնի հերթական (երրորդ տարի) քննաշրջանի դասերը, որոնց մասնակցելու համար էլ եկել եմ այստեղ։ Դրանք սկսվել են հունվարի 28–ին և կավարտվեն փետրվարի 16–ին։ Աստծո ողորմությամբ հաջորդ օրը տուն կվերադառնամ։
Դասերը սկսվում են 8.15–ին և ավարտվում 17.00–ին։ Ուրբաթ օրերին դասերը տևում են մինչև 12.00–ը։ Այդ օրը երեկոյան երկրպագություն է լինում ժամը յոթին, իսկ ութին սկսվում է երիտասարդական եկեղեցու երկրպագությունը։ Շաբաթ օրը, բնական է, սուրբ օր է և այն սկսվում է շաբաթօրյա դպրոցով ժամը տասին, որին հետևում է քարոզը։ Մեծահասակների համար առանձին քարոզ է լինում, երիտասարդների համար՝ առանձին։ Երիտասարդների երկրպագությունները անցկացվում են բազմաֆունկցիոնալ համալիրում։ Այստեղ են սովորաբար տեղի ունենում մեծ հանդիպումները, կոնգրեսները և այլն։ Դա ծառայում է նաև որպես մարզական համալիր, որտեղ շաբաթվա ընթացքում երեկոյան ժամերին կարելի է ֆուտբոլ, վոլեյբոլ, մեծ թենիս և սեղանի թենիս խաղալ։
Կիրակի օրերին երբեմն դասեր ունենում ենք, երբեմն էլ հանձնարարություններն ենք կատարում գրադարանում, սենյակում կամ լսարանում։ Դոկտորական ծրագրի բոլոր ուսանողները օգտվում են իրենց դյուրակիր համակարգիչներից։ Լսարանում մշտապես առկա է ինտերնետ կապը։ Շատ հաճախ ինչ–որ անհրաժեշտ ֆայլ նույն պահին կարող է փոխանցվել դասի բոլոր մասնակցիներին և ուսումնասիրվել հենց տեղում։ Լսարանը կահավորված է և ունի բոլոր հնարավորությունները արդյունավետ ուսումնական գործընթացի համար. գրատախտակ, էկրան,տեսալսահամակարգեր, դաշնամուր և այլն։ Սեղանները դրված են ռուսերեն Պ (П)տառի ձևով։
Դասերն անցնում են ինտերակտիվ մեթոդների կիրառությամբ. դասախոսություն, քննարկում, փոքր խմբի քննարկում, զեկույց, մտորում, տեղում հանձնարարության կատարում, դերային խաղ և այլն։
Русский вариант текста скоро будет.
Комментариев нет:
Отправить комментарий