Զաոկսկի։ Ուրբաթ երեկո։ Ձյունը դանդաղ օրորվելով վայր է իջնում վառվող լույսերի հետ գրկախառնվելով։ Մինչև ժամը ութը մնացել է մի քանի րոպե։ Բոլորը շտապ քայլերով շարժվում են դեպի դահլիճ մի քանի ժամ առաջ սկսված սուրբ օրվա հաղորդակցությունը Աստծո հետ շարունակելու և Նրան ավելի մերձենալու ակնկալիքով։ Մուտքի մոտ ներս մտնողներին դիմավորում են երիտասարդները երեք տղա և երեք աղջիկ։ Նրանց կազմած միջանցքով անցնում են բոլոր երկրպագության եկողները, ստանալով աստվածաշնչյան մաղթանքը՝ գրված փոքրիկ գեղեցիկ ձևավորված թերթիկի վրա. «Ես պիտի զովացնեմ վաստակած հոգին, և ամեն նվաղած հոգին պիտի կշտացնեմ» (Երեմիա 31.25)։ Դահլիճ ներս մտնողների ուշադրությանն են արժանանում հատակին վառվող մոմերի օգնությամբ գրված Հիսուսի խոսքերը. «Խաղաղություն ձեզ»։ Հնչում է դանդաղ, հաճելի, հոգեպարար երաժշտությունը… Լույսերը մարած են… Միայն էկրանի վրա է, որ կարելի է լույսի ճառագայթ տեսնել, որի օգնությամբ երիտասարդական եկեղեցին մաղթում է. «Բարի շաբաթ»։ Բեմին են մոտենում երիտասարդ աղջիկը և տղան։ Նրանք հայտարարում են Բարձրյալի պաշտամունքի սկիզբը, որը սկսվում է փառաբանության երկու երգով։ Երգում ենք էկրանին ցուցադրվող բառերի օգնությամբ։ Հայտարարություն է արվում, որ մյուս շաբաթ լինելու է երիտասարդական եկեղեցու աղոթքի շաբաթը։ Ամեն օր առավոտյան ութին և երեկոյան ինին կլինեն քարոզներ և աղոթքներ։ Այնուհետև աղոթքն է բարձրանում առ Աստված երիտասարդի շուրթերից։ Հետո՝ վկայություն, թե ինչպես է Աստված տնանկին դեպի Իրեն քաշել և հետևում է կոչը. նվիրաբերել դրամական միջոցներ, նմանատիպ մարդկանց փրկելու գործի համար… Տեսահոլովակը հավերժացրել է երիտասարդների դեմքերը. նախորդ շաբաթվա երկրպագությանը մասնակցող երիտասարդների լուրջ, խոհուն, խաղաղ դեմքերը… Բեմ են բարձրանում բեմականացման մասնակիցները, որոնց պատգամն է. Աստծո շունչը, որ ճառագում է Աստվածաշնչից ի զորու է փոխել անտարբեր, մշտապես շտապող և Տիրոջը չճանաչող և չհիշող մարդկանց սրտերը…
Լույսերը դանդաղ մարում են և ամբիոնին է մոտենում Նատալյա Շչեգլովան։ Էկրանին գրված է. «Ես օգնում էի նրան լաց լինել»։ Նա խոսում է հոգնածությունից, որը ոչ միայն ֆիզիկական է լինում, այլ ավելի հաճախ՝ հոգեբանական բնույթի։ Նատալյա Շչեգլովայի քարոզի համառոտ շարադրանքը. …Կա մեղք, որը հաճախ մենք չենք համարում այդպիսին։ Քսանվեց տարի առաջ գործած այդ մեղքի գիտակցությանը ես եկա միայն շատ տարիներ անց։ Այդ մեղքը որոշակի արարք չէ, այն ընդհանրապես գործողություն չի, դա անգործությունն է, անտարբերությունը, անուշադրությունը մոտիկի կարիքի նկատմամբ։ Այլ խոսքերով. սիրո բացակայությունը։ Դրան հաճախ նպաստում է հոգնածության առկայությունը։ …Լինելով հովվի աղջիկ ես նոր էի տեղափոխվել նոր, փոքրիկ քաղաք, որտեղ հայրս պետք է իր ծառայությունը կատարեր։ Տասերորդ դասարանում էի, դպրոցում խնդիրներ կային իմ հավատի պատճառով։ Ինձ մշտապես աջակցում և ոգեշնչում էր քիմիայի ուսուցչուհին։ …Մի օր նա ինձ իրենց տուն հրավիրեց թեյի։ Նա պատմեց, թե ինչպես են բանակում իր որդուն սպանել, իսկ դրանից ոչ շատ առաջ ամուսինն է լքել ընտանիքը։ Նա պատմեց իր հիվանդության մասին, նա արդեն տասնչորս անգամ վիրահատություն էր տարել։ Ավարտական երեկոյի ընթացքում նրա ուշադրության կենտրոնում միայն ես էի։ Հաջորդ օրը նա պետք է շրջանային հիվանդանոցը գնար հաջորդ վիրահատության համար։ Քանի որ ոչ ոք չուներ, ապա խնդրեց, որ ես ուղեկցեմ և իր հագուստը տուն բերեմ։ Այդ դեպքերից շատ չանցած ես գնացի մայրաքաղաք ընդունելության քննություններ հանձնելու։ Մենք որոշ ժամանակով բաժանվեցինք։ Ժամանակ անց իմ ուսուցչուհին նորից հայտնվեց հիվանդանոցում։ Նա խնդրել էր, փոխանցել ինձ որ ես իրեն այցելեմ։ Դրա համար պետք էր անցնել 70 կմ ճանապարհ, բացի այդ ես շատ էի հոգնում, քանի որ սովորում էի, միաժամանակ աշխատում և եկեղեցում էլ բավականին ծառայություններ էի կատարում։ Միակ օրը, երբ ես կարող էի նրան այցելել, դա շաբաթ օրն էր։ Բայց երբ եկավ շաբաթ օրը, ես շատ հոգնած էի և ինքս ինձ համոզեցի, որ քանի որ ես շատ հոգնած եմ, և բացի այդ մի երեք շաբաթից ազատ կլինեմ և կայցելեմ, ապա չարժե հիմա գնալ։ Մեկ շաբաթ անց իմ ուսուցչուհին մահացավ։ Հետագայում իմացա, որ նա խնդրել էր իներորդ դասարանում սովորող մկրտական մի աղջկա իրեն այցելել և իր համար Նոր կտակարան կարդալ…
Ինչպե՞ս կարելի է պայքարել այդ մեղքի դեմ։ Միակ միջոցը Հիսուսի սերն ունենալն է, գտնում էր Նատալյան։ Բազում աստվածաշնչյան համարներ դրա վառ ապացույցն են։ Գիտնականները ուսումնասիրություն են կատարել 4–8 տարեկան երեխաների շրջանում։ Հարցը կայանում էր հետևյալում. «Ի՞նչ է սերը»։ Այս հարցին այդ երեխաները տվել են ամենատարբեր, անսպասելի պատասխաններ։ Օրինակ, մի աղջիկ ասել է. «սերը այն է, որ երբ ես ասում եմ իմ ընկերոջը, որ նրա վերնաշապիկը լավն է, և նա ամեն անգամ հագնում է այդ վերնաշապիկը հանուն ինձ»։ Հարցման նպատակն էր պարզել, թե որ երեխան է ամենահոգատարը։ Հաղթանակը շնորհվում է մի չորսամյա տղայի։ Նա իմանալով, որ իր հարևան պապիկը կորցրել է կնոջը և դա շատ վատ է տանում, այցելում է նրան, նստում նրա ծնկներին… Երբ նրան հարցնում են, թե ի՞նչ էր նա ասում պապիկին, նա պատախանում է. «Ոչինչ։ ԵՍ ՕԳՆՈՒՄ ԷԻ ՆՐԱՆ ԼԱՑ ԼԻՆԵԼ»։
Պողոս առաքյալը խորհուրդ է տալիս. «Ուրախացողների հետ ուրախացեք և լացողների հետ լացեք» (Հռոմեացիս 12.15)։ Ամբողջ քարոզի ընթացքում որևէ շարժում կամ անցուդարձ չկար դահլիճում, բոլոր երիտասարդները, թվում է, երիտասարդներին անսովոր համակ ուշադրությամբ լսում էին Աստծո պատգամը. եղեք սիրառատ, ուշադիր և ապրումակցեք մարդկանց։ Երգը և դրան հաջորդած աղոթքն ու օրհնության խոսքերը ուղեկցեցին երիտասարդներին վայելելու թեյն ու թխվածքաբլիթը և հաղորդակցվելու միմյանց հետ երաժշտության ուղեկցությամբ, ցանկանալով միմյանց բարի շաբաթ օր։
Պավել Սարգսյան
Նկարում՝ Նատալյա Շչեգլովա, Զաոկսկիի ճեմարանի դասախոս
Այս գրառումը փոփոխության է ենթարկվելու, քանի որ ձեռքիս տակ ունեմ նաև Նատալյա Շչեգլովայի քարոզի էլեկտրոնային տարբերակը, որն այսօր վերցրեցի։ Այս մեկնությունը գրելու երկրորդ նպատակը կայանում է մեկնություն գրելու փորձի մեջ, քանի որ իմ ընկերներից ոմանք դժվարություն են ունեցել մեկնություն գրելու տեսակետից։ Պավել Սարգսյան
ОтветитьУдалить